ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

Սերգեյ Փարաջանով. «Ես աշխարհից վրեժխնդիր կլինեմ սիրով»

Սերգեյ Փարաջանով. «Ես աշխարհից վրեժխնդիր կլինեմ սիրով»
09.01.2024 | 06:57

Այսօր` հունվարի 9-ին Թբիլիսիում կնշվի Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակը:

Սերգեյ Փարաջանովին նրա ընկերները՝ Ֆեդերիկո Ֆելինին, Միքելանջելո Անտոնիոնին, Ժան-Լյուկ Գոդարը, Անջեյ Վայդան, Իվ Սեն-Լորանը, Անդրեյ Տարկովսկին «հանճար» և «մաեստրո» էին անվանում: Նա ռեժիսոր էր, սցենարիստ, դերասան, նկարիչ, քանդակագործ,կոմպոզիտոր, հանդերձարար ու գրիմյոր, հուշագիր ու խորեոգրաֆ: Նա մեծագույն միստիֆիկատոր էր, ոչ միայն արվեստում: Փարաջանովը առասպելներ է ստեղծել սեփական կյանքի մասին: Նա հռչակվել է էքսցենտրիկ արարքներով, խաղարկումներով ու սկանդալներով: Նա, սակայն, առաջին հերթին «վտանգավոր ազատ մարդ էր»:


Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924-ի հունվարի 9-ին Թբիլիսիում՝ սերնդեսերունդ հնաոճ իրերի գիտակի մասնագիտությունը փոխանցող ընտանիքում: Այդ էր պատճառը, որ նախնիների ավանդույթից Սերգեյի հեռանալը հայրը վիրավորանք ընկալեց: Հայրը՝ Իոսիֆ Սերգեևիչը, մինչհեղափոխական Թիֆլիսում ունևոր քաղքենի էր: Հնաոճ իրերի խանութից բացի, մի քանի հաստատություններ, այդ թվում՝ «Ընտանեկան անկյուն» կոչվող հասարակաց տուն ուներ: Կինը՝ Սիրան Բեժանովը, ամուսնուն օգնում էր շահութաբեր բիզնեսում, անձամբ էր աղջիկներին ընտրում: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Իոսիֆ Փարաջանովը գրեթե ամբողջ կարողությունից զրկվեց, սակայն հնաոճ իրերի բիզնեսը շարունակեց: 1920-ականի վերջին նրան առաջին անգամ ձերբակալեցին, որից հետո նրա կյանքում բանտարկությունները սովորական դարձան: Հաջողակ հայը պատժաժամկետը երբեք ամբողջությամբ չէր կրում. նրան կամ լավ վարքագծի համար էին վաղաժամկետ ազատում, կամ՝ համաներմամբ: Ավելի ուշ հռչակավոր ռեժիսորը կատակում էր, թե հայրը, որպես խորհրդային օրինակելի աշխատավոր, հնգամյակները չորս տարում էր կատարում:


Մի քանի հետաքրքիր փաստեր նրա կյանքից.

«Իմ մեղքը երևի այն է, որ ծնվել եմ: Հետո տեսա ամպերը, գեղեցկուհի մորս, լեռները, տաճարը, ծիածանի փայլատակումը, և այդ ամենը մանկության պատշգամբից»: Մի անգամ իր տարեդարձի օրը ռեժիսորը քայլում էր Կիևի փողոցներով ու հանդիպած բոլոր ծանոթներին տուն հրավիրում: Եվ նրանք բոլորը եկան՝ գրեթե 100 մարդ: Իհարկե, բոլորը սենյակում չէին տեղավորվի, բայց հոբելյարը ելքն իր ոճով գտավ: Նա շենքի աստիճանները՝ առաջին հարկից մինչև հինգերորդ գորգերով ծածկեց, որոնց վրա էլ հյուրերը նստեցին: Նրանց հնաոճ սպասք մատուցեցին և բյուրեղապակե բաժակներ: Նա վերելակով անցնում էր հարկերով, կենացներ ասում, իսկ հյուրերը նրա առողջության կենացն էին խմում աստիճաններին նստած:
«Ես 50 տարի այնքան գեղեցիկ եմ ապրել: Սիրել եմ, շատախոսել, հիացել, ինչ-որ բան ճանաչել, քիչ արել, բայց անչափ շատ սիրել: Մարդկանց եմ շատ սիրել և նրանց շատ պարտական եմ: Գորշի հանդեպ անհանդուրժող էի: Ամենանորաձև գույնն էր: Ժամանակի անհրաժեշտությունը»։
ՈՒսանող տարիներին Փարաջանովն ամուսնացավ Նիգյար անունով թաթար աղջկա հետ (նա Մոլդովայից էր): Աղջիկն ամուսնացավ առանց հարազատներին տեղյակ պահելու, որ հարսանիքի մասին իմանալով՝ Փարաջանովից բոլոր ավանդույթներով խոշոր ղալիմ պահանջեցին: ՈՒսանողը դիմեց հոր օգնությանը, աղաչեց պարտքով գումար տալ, բայց նա մերժեց: Միայն այն պատճառով, որ որդին չէր ցանկացել ընտանեկան գործը շարունակել ու նախընտրել էր կինեմատոգրաֆը: Ընտանիքը Նիգյարից պահանջեց լքել ամուսնուն և հայրենիք վերադառնալ: Աղջիկը մերժեց: Ազգականները ընտանիքին խայտառակելու պատճառով նրան գնացքի տակ գցեցին, Փարաջանովի առաջին կինն այսպես զոհվեց:


«Ես խելագար ծերուկ եմ, որը ծաղիկներ է նկարում»
Բանտային տարիներին արվեստագետը չէր դադարում ինչ-որ բան հորինել: Մի անգամ մարտի 8-ին նա Լիլիա Բրիկին (նա այդ ժամանակ 80 տարեկան էր) փշալարից և իր գուլպաներից պատրաստված ծաղկեփունջ ուղարկեց: Բրիկը դրեց Մայակովսկու նվիրած ծաղկամանի մեջ, նման «անակնկալի» բույրը, իհարկե, ամենևին ծաղկային չէր: Նրան բանտից դուրս գալ օգնեց հենց Լիլիա Բրիկը՝ օգտագործելով Ֆրանսիայի իր կապերը: Նա երբեմն բանտի բակում իսկական ծաղիկներ էր գտնում, որ ինչ-որ մեկն էր նետել: Դրանցից հերբարիում էր պատրաստում ու ընկերներին ուղարկում: Իսկ կաթի շշերի կափարիչներից «Փարաջանովի թալերներն» էր պատրաստում: Փորագրելու համար նա մեխ էր օգտագործում ու ստեղծում էր Պուշկինի, Գոգոլի և Պյոտր 1-ինի դիմանկարները: Ասում են, որ դրանցից մի քանիսն անգամ հոգեբուժարան են ուղարկել, սակայն կարճ պատասխան է ստացվել. «Շատ տաղանդավոր է»: Տարիներ անց «թալերներից» մեկն ընկել է Ֆեդերիկո Ֆելինիի ձեռքը. հանճարեղ իտալացին գնահատելով նրա հնարամտությունը՝ արծաթե մեդալ է ձուլել, որով պարգևատրում են Ռիմինիի փառատոնի հաղթողներին:


«Լիաթոք ուրախացեք, ինչպես ես եմ արել: Հիշելու բան ես ունենում: Այլապես և քեզ կխղճաս, և կյանքդ: Ի՞նչ կյանք է, եթե սկզբունք ու քմահաճություններ չկան»
Սերգեյ Փարաջանովը ընկերություն էր անում Վլադիմիր Վիսոցկու հետ: Մի օր երգիչը եկավ ընկերոջը տեսակցելու, ու նա Վիսոցկու պարանոցին արծաթե հաստ շղթայով «նիկոլաևյան» ռուբլի տեսավ: Տեսնելով անպաճույճ զարդը՝ Փարաջանովը ձեռքերը տարածեց և մոտեցավ իր բուֆետին: Նա հանեց ձեռքով պատրաստված մի գեղեցիկ աստղ, որը զարդարված էր մալաքիտով և ադամանդով: «Արդեն չեմ էլ հիշում, թե սա որտեղից է իմ մոտ, բայց կարծում եմ, որ աստղն իր արժանի տեղը գրավեց»,- ասել է Փարաջանովը և թանկարժեք զարդը կախել Վիսոցկու պարանոցից: Զարդը Օսմանյան կայսրության բարձրագույն պարգևներից մեկն էր:
Ռեժիսորի մեջբերումներից


«Իմ կյանքը նախանձն է առաջ շարժում: Ես գեղեցիկներին նախանձում էի, և գրավիչ դարձա, խելացիներին էի նախանձում, և անկանխատեսելի դարձա»:
«Ամենասարսափելին հիասքանչին անուն կպցնելն է»:
«Ժամանակը մեծահոգի է և արդարացի, մաքրում է հիշողությունը, դատապարտվածներից հեռացնում է զրպարտությունները և վիրավորանքները, հարություն է տալիս մոռացվածներին, դատում է անիրավներին»:
«Ես քիչ եմ ֆիլմ նկարել: Իմ պահարաններում 23 չիրականացված սցենար կա: Ինձ համար դժվար է: Բայց ոչինչ: Մենք մեր մահով մեզ հետ կտանենք մեր մի մասնիկը, և դա գաղտնիքի կփոխակերպվի»:
«Քեզ ասելու ոչինչ չունեմ. երբ վատ զգաս, հպվիր գորգին, դրա մեջ ջերմություն կա: Դա ես եմ» (որդուն է ասել)։
«Ես հասկացել եմ, և դա ամենասարսափելին է… Ես հարավն ու արևելքն եմ: Կեղտոտ և մաքուր»։

irates.am

Դիտվել է՝ 16057

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ